ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Վտանգավոր ողորմելիները

Վտանգավոր ողորմելիները
27.11.2024 | 14:42

Շարունակվում է ապաշնորհ ապիկարների, պատեհապաշտ պատուհասների ու «բեդովլաթ» բախտախնդիրների բենեֆիսը:

Ամեն մի դեմագոգ դիլետանտ իր ամպլուայի մեջ պրոֆեսոր է խաղում, ազգին ու պետությանն իր պիտանելիությունն է ի ցույց դնում:

Բայց արի ու տես՝ տգիտության պերճանքն ու թշվառությունը սահմաններ չունեն:

Մառազմն էլ այն է, որ առաջին տիկինն է իր վրա վերցրել «տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավը»:

«Կրթվելը նորաձև է» գիտաֆանտաստիկ լոզունքի ներքո վերջինս պատերազմ է հայտարարել տգիտությանը:

Ինչ խոսք, այս գովելի նախաձեռնության մասին լսելիս՝ եփած հավն էլ կծիծաղեր:

Ստացվում է՝ մարդիկ արշավելու ու պայքարելու են իրենց իսկ դեմ:

Հուսանք՝ շրջապատում ինքնաբավ ու անաչառ մեկը կգտնվի, ով կմատնանշի, թե ձեր թիմում ովքեր են տգիտության մարմնավորումները, տկարամտության էվերեստները, ազնվորեն կասի, թե ովքեր պետք է աշխատեն իրենց վրա, կատարեն առաջին քայլերը, գոնե ձեռք բերեն բազային գիտելիքներ, ով կհորդորի, որ տգիտությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է նախ սկսել իրենցից ու ազատվել տգետ ու տկարամիտ ղեկավարներից:

Բայց ասեմ, ուրախացեք:

Ժողբաստիոնի էլիտա՛, շնորհավորում եմ, դուք տգետ չեք:

Տգետներն այսքան չէին ձգի:

Ընդհակառակը՝ դուք ակունք իմաստության, մտքի տիտան ինտրիգանտներ եք:

Դուք շոուների, դեմագոգիայի, պաթոսի, լիրիկական զեղումների, պարաժի, մուխլյոժի, մուտիտի ու կրուտիտի գուրուներ եք, ցինիզմի ու ֆետիշի, էմոցիոնալ սպեկուլյացիաների ու մանիպուլյացիաների վարպետներ եք:

Հետո ինչ, որ ձեր ասածն ու արածն ուղիղ հակառակի, իրականն ու ճիշտը խեղելու, այլափոխելու մասին է:

Հետո ինչ, որ ձեր նախանշած տգիտության դեմ արշավը գիտության դեմ դեմարշն է:

ԿԳՄՍ-ն՝ վկա:

Բայց և բարի խորհուրդ:

Նախ ինքներդ կրթվեք, տարրական գիտելիքներ ձեռք բերեք, պատմություն ու գրականություն կարդացեք, որպեսզի որևէ ԲՈՒՀ-ից բարձրագույնի դիպլոմ գոնե «դրմստեք», որ այսօր էլ գիտությունից ու տգիտությունից խոսեք:

Թերուս պատուհասներին էլ բացատրեք, որ ադրբեջանական մոտիվներով ու մուտիլովկեքով, ֆարսերով ու նարատիվներով իրենց էքստրավագանտ, էկլեկտիկ ու ալեգորիկ մտքերի տարափն ու լիրիկական էլեգիաները՝ մեղմ ասած տնաքանդություն են:

Կոլաբորացիոնիզմը, թշնամու ջրաղացին ջուր լցնելը, նրան արդարացնելը, պատվեր կատարելն ու շահերը սպասարկելն էլ այսօր ոչ, բայց վաղը օրենքով պատժելի են:

Պատմությունից ու հայրենաճանաչությունից ոտաբոբիկին բացատրե՛ք, որ «Արևմտյան Հայաստան» ու «Արևմտյան Ադրբեջան» հասկացություններն ու տերմիններն անհամադրելի են:

Որ նման տխմար ու փնթի զուգահեռներ ու համեմատականներ կարող է տանել, լավագույն դեպքում, թշնամու միջին վիճակագրական կիսագրագետ ու մեզանից աբիժնիկ քաղաքացին:

Ստացվում է՝ միջինասիական յայլեքից ժամանած անդեմ քոչվորին կարելի է սուվերեն երկիրդ անվանել «արևմտյան ադրբեջան» ու շրջանառության մեջ դնել այդ հորինված, կեղծ ու շինծու թեզը, իսկ մենք չպետք է արտաբերենք 4-րդ դարից կիրառվող՝ «Արևմտյան Հայաստան» տերմինը, որպեսզի այն չգրգռի նրանց, արդյունքում էլ պետականության կորստի չհանգեցնի:

Մեղա՜ քեզ, Տեր, մեղա՜…

Բա որ դա գրգռում է Ալիևին, Ստեփանակերտում՝ «Արցախը Հայաստան է վե՛րջ» ինչու՞ էիր գոռում:

Գոռում էիր, որ գրգռեի՞ր:

Որ հետո Արցախի պետականության կորուստն արձանագրեի՞ր, հիմա էլ Հայաստանի մասով խրատվեի՞ր:

Այդ իսկ պատճառո՞վ է, որ թթու մի բառ անգամ չես ասում կիրթ ու կառուցողական կոլեգայիդ մասին, ավելին՝ հաշտ ես ասածների հետ:

Քոչվոր հարևանդ «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անունով հեռուստաալիք, համայնք ունի, COP 29-ի շրջանակներում՝ «վերադարձ Արևմտյան ադրբեջան», «ադրբեջանական Իրեվան» խորագրերով պետական ամենաբարձր մակարդակով միջոցառումներ է կազմակերպում, երկրիդ հանդեպ հավակնություններ է ներկայացնում, նվաճողական և հակահայկական ծրագիր ներկայացնում, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացումն ու ադրբեջանցիներով բնակեցումը, պատմամշակութային ժառանգությունդ է ալբանացնում, մեզ եկվոր կոչում:

Իսկ դուք հերիք չէ, որ ծպտուն չեք հանում, ժողովրդին էլ հորդորում եք հանդուրժողականություն դրսևորել, ըմբռնումով մոտենալ, սուս մնալ ու չպատասխանել:

Ո՞վ էք դուք, ավելի ճիշտ՝ ի՞նչ եք դուք…

Երկիրդ «Արևմտյան ադրբեջան» անվանողին գոնե պետք է լուսաբանես, որ իրենց արհեստածին պետությունն է մաս կազմում Արևելյան Հայաստանի:

Որ «Ադրբեջան» եզրույթն էլ պարսկական Ատրպատական նահանգի ձևափոխված անվանումն է:

Երևանդ՝ Իրեվան, Սևանդ՝ Գոյչա ասողին, Բակուրակերտի, Գանձակի, Շահումյանի, Նախիջևանի ու Արցախի մասին փաստաղթերն ու քարտեզները աչքը պետք է կոխես ու բերանները փակես:

Ինչևէ, դուք ու՜ր, ասածներս ուր…

Մանավանդ՝ տեսակով ողորմելի եք, քաղաքականապես էլ սնանկ ու իմպոտենտ:

Շնորհակալություն հայտնեք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին, ով ձեր փոխարեն պորտատեղադրիչ պատասխանով է հանդես գալիս:

Վերջինս՝ «Միակը և անփոխարինելին» վերտառությամբ գրառում է արել, կցելով Պարսկաստանի քարտեզը՝ «Արևմտյան Ադրբեջան» նահանգով հանդերձ:

Ասել կուզի՝ կա մեկ «արևմտյան Ադրբեջան» և այն Պարսկաստանի հյուսիս-արևմտյան նահանգ է:

Ինչևէ, շարունակվում է վտանգավոր ողորմելիների շքերթը:

Շարունակվում է նաև համաժողովրդական ապատիան:

Կրկին փաստում ենք՝ ունենք այն, ինչ ունենք, մենք արժանի ենք մեր ունեցածին, մեր խաչն էլ դեռ պետք է քարշ տանք…

Այսքան խղճուկ վիճակում երբևէ չենք եղել:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ